Հրդեհային անվտանգության խախտումներ․ երկու բենզալցակայան դադարեցրել են շահագործումը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության (ՔՏՀԱ) տեսչական մարմինը դադարեցրել է Երևանում շահագործվող «Օռանժ Օիլ» և «Լեվ 7» բենզալցակայանների գործունեությունը՝ հրդեհային անվտանգության նորմատիվների խախտումների հայտնաբերման արդյունքում։
Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա Երևանի տարածքային ստորաբաժանման մասնագետները ուսումնասիրություններ են իրականացրել Աջափնյակ թաղամասում գործող «Օռանժ Օիլ»-ում, ինչպես նաև «Լեվ 7» ՍՊ ընկերության լցակայանում և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայաններում։
Արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման, ինչպես նաև քաղաքացիների կյանքի և առողջության համար։ Նպատակ ունենալով կանխել ռիսկերը՝ տեսչակամ մարմնի որոշմամբ այդ օբյեկտների շահագործումը ամբողջությամբ դադարեցվել է, լցակայանները կապարակնքվել են՝ մինչև խախտումների ամբողջական վերացումը։
