Մայր Աթոռն արձագանքել է հոգևորականների հիշատակության բացթողումներին
Նոյեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ, տեղի է ունեցել Հայաստանյան եպիսկոպոսաց և թեմակալ առաջնորդների ժողովը։
Քննարկման առանցքում, բազմաթիվ այլ հարցերի կողքին, դրված էր վերջին շրջանում Մայր Աթոռի կողմից արձանագրված երևույթը՝ Սուրբ Պատարագի ժամանակ մի շարք հոգևորականների կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների չհիշատակումը։
Ժողովի ընթացքում եպիսկոպոսաց դասը դատապարտել է նմանատիպ վարքը՝ նշելով, որ հիշատակության զեղչումը հակասում է Հայ Առաքելական եկեղեցու դարավոր կանոնակարգին։ Մայր Աթոռի հաղորդմամբ՝ նման գործողությունները ենթակա են խստագույն պատժի, եթե հոգևորականը չզղջա և սահմանված կարգով չվերականգնի իր եկեղեցական ընթացքը։ Ժողովը նաև կոչ է հղել հոգևորականներին՝ չտրվել պառակտիչ քայլերի ու սադրիչ գործողությունների, պահպանել եկեղեցու ներքին միասնությունը և ծառայել համայնքների հոգևոր ամրապնդմանը։
Հիշեցնենք, որ վերջին շաբաթների ընթացքում դեպքեր էին արձանագրվել, երբ պատարագող հոգևորականները կաթողիկոսին ուղղված հատվածները զեղչել էին։
