ՀայաստանՍոցիալական

Փոշու բարձր կոնցենտրացիա Երևանում

Երևանում վերջին օրերին գրանցվել է օդի աղտոտվածության զգալի աճ։ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի ղեկավարի տեղակալ Գայանե Շահնազարյանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 17-25-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում փոշու կոնցենտրացիան գերազանցել է թույլատրելի սահմանը մինչև 4 անգամ։ Ամենաբարձր ցուցանիշները արձանագրվել են նոյեմբերի 21-ին և 25-ին։

Շահնազարյանի խոսքով՝ Արաբկիր վարչական շրջանում նորմայից բարձր ցուցանիշը կազմել է 1,1-1,6 անգամ, իսկ Շենգավիթում՝ միայն նոյեմբերի 25-ին՝ 1,2 անգամ։ Քաղաքի տարբեր հատվածներում նկատվել է նաև ծծմբի երկօքսիդների աճ, սակայն դրանց մակարդակը չի գերազանցել սահմանված թույլատրելի նորման։

Մասնագետը նշել է, որ այս աճը բնորոշ է տարվա այս շրջանին, հատկապես Արարատյան դաշտավայրին. գիշերային ժամերին օդի ջերմաստիճանի կտրուկ անկումը և քամու բացակայությունը հանգեցնում են օդային սառը զանգվածների կուտակման։

Շահնազարյանը նաև անդրադարձավ սոցիալական ցանցերում տարածվող ոչ պաշտոնական չափումներին՝ շեշտելով, որ դրանք հաճախ խուճապ են տարածում․

«Շատ քաղաքացիներ օգտվում են ոչ պրոֆեսիոնալ սարքերից, իսկ տվյալները՝ առանց որակի վերահսկման, անմիջապես տարածվում են։ Խորհուրդ ենք տալիս հետեւել միայն պաշտոնական չափումներին, որոնք անցնում են ճշգրտության բազմաթիվ փուլերով»։

Մարինա Գրիգորյան