Դիլիջանի անտառային հատվածներում բռնկված հրդեհները լիովին մեկուսացվել են
Նոյեմբերի 27-ի ժամը 09:00-ի դրությամբ Դիլիջանի ոլորանների և «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակայքում բռնկված հրդեհները ամբողջությամբ մեկուսացված են։ Այս մասին հայտնում են ՀՀ Ներքին գործերի նախարարությունից։
Ավելի վաղ արդեն մարվել էին Շիրակի մարզի Ձորաշեն գյուղի, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ–Թթուջուր ճանապարհահատվածի, Սյունիքի մարզի Վերին Հանդ բնակավայրի և Տավուշի մարզի Դիլիջանի «Կազաչի» հատվածի հրդեհները։ Տավուշի մարզի Նավուր համայնքի տարածքում բռնկված հրդեհը ևս մեկուսացվել էր։
ՆԳՆ–ն կրկին հիշեցնում է՝ խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, իսկ հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում անմիջապես զանգահարել 911։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 21-ից սկսած Տավուշի և Գեղարքունիքի մարզերում խոշոր հրդեհներ էին բռնկվել, իսկ ավելի ուշ հրդեհներ արձանագրվեցին նաև այլ մարզերում։
Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է մեկ փրկարար, ևս չորսը վիրավորվել են։
