Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտությամբ մեկնարկեց Եվրոբասկետի նախընտրական փուլում
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը Եվրոբասկետ-2025-ի նախընտրական փուլում՝ առաջին խաղում մրցեց Բուլղարիայի ընտրանու հետ և պարտություն կրեց 98։88 հաշվով։
Խաղի առաջին քառորդում բուլղարացիները արագորեն առավելություն ստացան և այն պահպանեցին մինչև առաջին խաղափուլի ավարտը՝ 25:21։ Երկրորդ քառորդի սկզբում Հայաստանի հավաքականը կարողացավ առաջ անցնել, սակայն տանտերերը կրկին վերականգնեցին առավելությունը՝ առաջին կեսը փակելով 51:41 հաշվով։
Մեծ ընդմիջումից հետո Բուլղարիան շարունակեց վերահսկել խաղի ընթացքը՝ երրորդ քառորդում պահպանելով 11 միավորի առավելություն՝ 78:67։ Վերջին քառորդում Հայաստանի ընտրանին չկարողացավ փոխել հանդիպման ընթացքը, և խաղն ավարտվեց Բուլղարիայի հաղթանակով՝ 98:88 հաշվով։
Հիշեցնենք, որ առաջին հանդիպումը կայացել է Սոֆիայից ոչ հեռու գտնվող «Բոտևգրադ Արենա»-ում։
Հայաստանի հավաքականը նախընտրական փուլում իր հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 30-ին՝ Երևանում հյուրընկալելով Նորվեգիային։
