Մայր աթոռում ընթանում է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Այս ժամերին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացվում է Գերագույն հոգևոր խորհրդի ժողով: Հայր Ասողիկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ներկայումս միայն այս ժողովն է ընթանում, և դրա ավարտին կլինի լրացուցիչ տեղեկատվություն։
Հայր Ասողիկը Մայր աթոռի ներկայիս մթնոլորտը բնութագրեց «խաղաղ, աղոթական»՝ շեշտելով, որ չի կարող ասել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երեկ հանդիպած 8 հոգևորականներից քանին են մասնակցում ժողովին։
Ավելի վաղ առկա տեղեկատվության համաձայն` Մայր աթոռում զուգահեռաբար երկու ժողով է իրականացվում` եպիսկոպոսաց և միաբանների։ Այս պահին, սակայն, պաշտոնապես հաստատվել է միայն Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։
Հարկ է նշել, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում էր ունեցել մի խումբ եպիսկոպոսների հետ, որոնց թվում էին Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Տեր Առաքել եպիսկոպոս Տիգրանյանը և Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։
Բացի այդ` իշխանական լրատվամիջոցներում տարածվում էին տեղեկություններ, ըստ որոնց մեկ տասնյակ եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ համատեղ հայտարարություն են տարածել՝ կոշտ քննադատելով կաթողիկոսին։
