ԿրոնՀայաստան

Եկեղեցի-իշխանություն առճակատումը շարունակվում է․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարդապետաց դասը հանդես է եկել հայտարարությամբ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարդապետաց դասը հայտարարությամբ դիմել է հավատացյալներին և քահանայից դասին՝ հորդորելով չգայթակղվել չօտարանալ Մայր եկեղեցու հոգևոր կյանքից և չտրտմել հոգևորականության հասցեին հնչած զրպարտություններից ու հալածանքներից։

Հայտարարության մեջ նշվում է, որ անընդունելի են համարվում եկեղեցու ներքին կառավարմանը աշխարհիկ իշխանությունների միջամտություններն ու սպառնալիքները։ Միաբանության վարդապետները նաև անդրադարձել են բարձրաստիճան հոգևորականներին և քահանաներին թիրախավորելու փորձերին, որոնք, ըստ նրանց, կարող են ծառայել Ամենայն հայոց կաթողիկոսի գահազրկման օրակարգին։

Վարդապետները վերահաստատել են, որ Ազգային-եկեղեցական ժողովով ընտրված և վավերական օծում ունեցող Հայոց հայրապետը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը, ունի Սուրբ Հոգու պարգևելի բոլոր շնորհները, որոնք բաշխվում են հոգևոր սպասավորներին՝ «ձեռնադրության խորհրդով կամ հայրապետական տվչությամբ»։

Հայտարարության մեջ նշվում է, որ եկեղեցու ներսում ծագած վարդապետական, ծիսականոնական և կարգապահական խնդիրները լուծվում են միայն Հայ եկեղեցու կանոնների և Սուրբ Հոգու ներշնչմամբ՝ առանց արտաքին միջամտության կամ քաղաքական ազդեցության։

Վարդապետաց դասը հավատացյալներին կոչ է անում մասնակցել եկեղեցու աղոթական և խորհրդական կյանքին՝ պահպանելով միասնությունը և հավատարմությունը Հայ եկեղեցու նկատմամբ։

Հարկ է նշել, որ եկեղեցի-իշխանություն բախման արդյունքում արդեն կալանավորված են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։ Բացի այդ՝ այժմ նոր «թիրախ» է դարձել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, ում վերաբերյալ տարածված աղմկահարույց տեսանյութը շարունակում է քննարկումների կենտրոնում մնալ։