ԿրոնՀայաստան

Վրթանես եպիսկոպոսը մեկնաբանում է Փաշինյանի հետ հանդիպումը, սակայն չի հստակեցնում՝ քննարկվե՞լ են արդյոք կաթողիկոսի դեմ իրականացվող քայլերը

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը երկու օր անց մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումը։ Նրա հայտարարությունը հրապարակվել է Արցախի թեմի ֆեյսբուքյան էջում։

Եպիսկոպոսը նշել է, որ տեղեկացել է իր հանդիպման շուրջ քննադատություններին, հատկապես՝ արցախահայերի շրջանում։ Նա ընդգծել է, որ հանդիպել է վարչապետի հետ որպես Մայր աթոռի եպիսկոպոսաց հանձնախմբի անդամ և հանդիպումը «ոչ մի առնչություն չունի Արցախի հիմնահարցի կամ արցախահայությանը հուզող հարցերի հետ»։

Միաժամանակ, Վրթանես եպիսկոպոսը իր հայտարարության մեջ ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում է այն կասկածները, որ հանդիպման օրակարգում եղել է Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ վերջին շրջանում իշխանության առաջ քաշած «գաղափարախոսությունը»։ Նա միայն հայտարարել է, որ «միշտ լինելու եմ իմ հոտի կողքին՝ իր ոտնահարված իրավունքների համար տարվող պայքարում»։

Նշենք, որ Փաշինյանի հետ հանդիպումը սոցցանցերում դժգոհություն է առաջացրել արցախահայության շրջանում․ օգտատերերը տարակուսում են, թե ինչու է թեմի առաջնորդը հանդիպել այնպիսի վարչապետի հետ, ով ավելի վաղ հանդես էր եկել Արցախի թեմը լուծարելու կոչով։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր ութ հոգևորականների հետ հանդիպման մասին։ Նրանց թվում էր նաև Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Վերջինիս հայտարարությունը, սակայն, չի պարզաբանում, թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվել հանդիպման ընթացքում՝ թողնելով մի շարք հարցադրումներ անպատասխան։