ԿրոնՀայաստան

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը դեռ չի պատրաստվում հեռանալ եկեղեցուց

Դեկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը պարզաբանել է, որ այս պահին չի պատրաստվում դադարեցնել իր ծառայությունը Հայ առաքելական եկեղեցում։ Նա ընդգծեց, որ չի բացառվում, որ ինչ-որ պահի կարող է փոխել իր որոշումը, եթե զգա, որ դա օգտակար կլինի օբյեկտիվ քննության իրականացնելու կամ մարդկանց մոտ առաջացած թյուրըմբռնումները վերացնելու համար։

Արշակ սրբազանը խոսեց նաև Քննչական կոմիտեի կողմից հարուցված քրեական վարույթի մասին և ընդգծեց, որ իրեն վերագրվող հոդվածը սխալ է, իսկ ձայնագրությունների փորձաքննության օրինական ընթացքը խախտված է։ Նա հիշեցրեց, որ այդ տեսանյութերի սկզբնաղբյուրը մինչ օրս հայտնի չէ և «անտեր» է։

Արշակ սրբազանը նաև հայտնեց, որ վարույթի շրջանակում հարցաքննվել է նաև իր ազգականը՝ քեռու կինը, ինչը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ենթադրաբար նրան վերագրվող սեռական կապի մեղադրանքների հետ է առնչվում։ Հարկ է նշել, որ դեռևս այս տարվա մայիսին Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»։ Դրանից հետո հոկտեմբերի 25-ին «Հայկական Վիկիլիկս» անվանումով նորաբաց տելեգրամյան ալիքը հրապարակել էր ինտիմ բնույթի տեսանյութ, որը վերագրվում էր Արշակ արքեպիսկոպոսին։

Հոգևորականը արձագանքել էր այդ տեսանյութին՝ նշելով, որ անգամ «ուժերի գերլարումով չի կարող զբաղվել հորինվածքների և զրպարտությունների հերքմամբ», և խելամիտ է համարել դրանք արհամարհելը։ Նոյեմբերի 28-ին Քննչական կոմիտեն հայտարարեց, որ նոյեմբերի 25-ին կատարված փորձաքննության արդյունքներով տեսանյութերում պատկերված անձը Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն է։

Արշակ սրբազանը նաև ընդգծեց, որ իր շուրջ ստեղծված աղմուկը կապված է իր քաղաքական դիրքորոշման հետ, քանի որ այն չի համընկնում գործող իշխանության ցանկությունների հետ։ Արշակ սրբազանը բազմիցս հանդես է եկել իշխանությունների հեռանալու մասին հայտարարարություններով։ Նրա խոսքով՝ այս դիրքորոշումները հրապարակայնացնելուց հետո իրեն մի քանի անգամ հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն։