Մինսկի խումբը լուծարվեց
ԵԱՀԿ-ն հայտարարել է Մինսկի գործընթացի և դրա հետ կապված բոլոր կառույցների պաշտոնական փակման մասին։
Գործընթացն ավարտին է հասել 2025 թվականի նոյեմբերի 30-ին՝ կեսգիշերին, երբ ուժի մեջ է մտել ԵԱՀԿ նախարարների խորհրդի սեպտեմբերի 1-ի միաձայն ընդունված որոշումը։ Վերջինս հիմնված էր Հայաստանի և Ադրբեջանի կողմից Ֆինլանդիայի նախագահությանը հասցեագրված համատեղ կոչի վրա։
ԵԱՀԿ-ի հաղորդագրության համաձայն՝ բոլոր վարչական ու կազմակերպական գործողությունների ավարտն ամբողջությամբ սահմանեց գործընթացի փակման վերջնակետը։ Սա նշանակում է, որ ավելի քան երեք տասնամյակ շարունակված Մինսկի գործընթացը, որը ձևավորվել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով, այլևս չի գործի։
Մինսկի գործընթացի փակումն իրականացվել է 57 անդամ երկրների համախմբված որոշմամբ։ Հիմքում 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագիրն է, որը կնքել էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։
