Ավարտվել է պարտադիր ժամկետային զինծառայողի ինքնասպանության դեպքի նախաքննությունը
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ավարտվել է պարտադիր ժամկետային զինծառայող Ն.Գ.-ի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2024 թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Ն.Գ.-ն մարտական դիրքում հերթապահության ժամանակ չի պահպանել մեկ այլ զինծառայող Ա.Ղ.-ի տված խոստումը։ Արդյունքում, Ա.Ղ.-ն նվաստացրել է Ն.Գ.-ի պատիվն ու արժանապատվությունը։
Վերոգրյալի հետևանքով 2024 թվականի նոյեմբերի 13-ին Ն.Գ.-ն ինքնասպանություն է գործել՝ կախվելու եղանակով։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ հրաձգային գումարտակի հրամանատար Ա.Ղ.-ն մարտական դիրքում հերթապահության ընթացքում կատարված կարգապահական խախտումների համար բռնություն է գործադրել հինգ զինծառայողի նկատմամբ:
Պարտադիր ժամկետային զինծառայողի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) և 524-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին վիրավորանք հասցնելը), իսկ հրաձգային գումարտակի հրամանատարի նկատմամբ՝ 520-րդ հոդվածի 5-րդ մասով (ստորադասի (ենթակայի) նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 520-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ստորադասի (ենթակայի) նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը) (4 դրվագ):
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար, որպեսզի գործի քննությունը շարունակվի ըստ էության:
