ՀայաստանՏնտեսություն

Մարզերում զբոսաշրջությունը խթանելու նոր ծրագիր՝ 120,5 մլն եվրոյի բյուջեով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում հանդիպում է ունեցել մարզային ու համայնքային ղեկավարների, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ, որտեղ ներկայացրել է «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիրը» (TRIP)։ Հանդիպմանը մասնակցել են Վահագն Արսենյանը, ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանը, Լուսինե Գևորգյանը, ինչպես նաև Եղեգնաձոր, Արենի և Ջերմուկ համայնքների ղեկավարները։

TRIP ծրագիրը ուղղված է երկրի յոթ զբոսաշրջային կլաստերների՝ Գորիս, Արենի, Ջերմուկ, Եղեգիս, Դվին, Գյումրի և Դիլիջան, զարգացմանը։ Ծրագրի նպատակն է խթանել գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջությունը, իսկ ընդհանուր բյուջեն կազմում է 120,5 միլիոն եվրո։

Ծրագրի շրջանակներում Վայոց ձորում նախատեսվում են ներդրումներ ճանապարհների վերականգնման, առողջարանային, գինու և ագրոտուրիզմի զարգացման, HoReCa ոլորտի ուսուցման, ինչպես նաև թանգարանային և մշակութային ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ։

Նախարարը նշել է, որ ծրագրի իրականացման համար կստեղծվի տեղական աշխատանքային խումբ, որը կաջակցի ծրագրի իրականացման գործընթացին։

Հարկ է նշել հետաքրքիր զուգադիպություն. ծրագրի անվանումը՝ TRIP, համընկնում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախաձեռնության» անգլերեն հապավման՝ TRIPP-ի հետ։ Սակայն սա պատահականություն է. որևէ կապ չկա ծրագրերի բովանդակության կամ նպատակների միջև։

Մարինա Գրիգորյան