ՀայաստանՍոցիալական

Վարդենյաց լեռնանցքում, Արթիկի և Աշոցքի հատվածներում ձյուն է. ինչ իրավիճակ է ճանապարհներին

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում, ինչպես նաև Արթիկի և Աշոցքի տարածաշրջաններում տեղումներ են՝ ձյան տեսքով։ Մեղրիի լեռնանցքում, Ապարանի և Վայքի հատվածներում տեղումները ձնախառն անձրևի տեսքով են։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Գորիսի, Սիսիանի, Արագածի, Արմավիրի և Մարտունու տարածաշրջաններում դիտվում են անձրևային տեղումներ։

Սևանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, ինչպես նաև Սպիտակի ոլորաններում մառախուղ է՝ տեսանելիությունը մոտ 50 մետր է։

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհները սպասարկող ընկերությունները շարունակում են իրականացնել մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։

Ճանապարհային դեպարտամենտը վարորդներին հորդորում է պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Միաժամանակ հիշեցվում է, որ Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի տեղեկացմամբ՝ Վերին Լարսի անցակետը ծանր ու մեծաչափ բեռնատարների համար փակ է։ «Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս» մայրուղու Գուդաուրի–Կոբի հատվածում ժամանակավորապես արգելվում է կցորդներով և կիսակցորդներով բեռնատարների շարժը։ Անցակետը գործում է միայն մարդատար մեքենաների համար։