ՀայաստանՔաղաքականություն

Ալեն Սիմոնյանը խոսել է սահմանազատման ընթացքի մասին և նոր փակագծեր բացել

Սահմանազատման գործընթացի օրակարգում որևէ փոփոխություն չկա։ Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված «Էթիկական չափորոշիչները իրավահավասարության և հակախտրականության երաշխավորման ոլորտում» համաժողովից հետո ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հարցին, թե կոնկրետ որ հատվածի մասին է խոսքը, ԱԺ նախագահը հստակ պատասխան չտվեց՝ նշելով, որ ժամկետների մասին ևս խոսելը վաղ է։ Միևնույն ժամանակ նա հավանական համարեց, որ հաջորդ տարածքը կսահմանազատվի 2026 թվականի առաջին եռամսյակում

Հիշեցնենք, սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը կայացել է նոյեմբերի 28-ին Ադրբեջանում։ Դրան նախորդած՝ հունվարի 16-ի քննարկման ընթացքում, կողմերը համաձայնել էին սահմանազատման համալիր աշխատանքները սկսել հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և հասնել մինչև հարավ՝ Իրանի սահման։

2025 թվականի սեպտեմբերի 5-ին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ տեղի են ունեցել երկու երկրների պատվիրակությունների փոխայցելություններ։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր, որ կողմերը քննարկել են սահմանագծի համապատասխան հատվածների սահմանազատման և ականազերծման, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման ժամկետների հետ կապված հարցեր՝ հաղորդակցությունների ստեղծման ոլորտում գործողությունների սինխրոնիզացման նպատակով։ Հարկ է նշել, որ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակություններն այցելել են «Սյունիքի մարզի հարավային տարածքներ և Զանգելանի շրջան»։ 

Չնայած տարածվող տեղեկություններին՝ կողմերը դեռևս չեն հստակեցրել, թե որ հատվածում կշարունակվի սահմանազատումը։