ԱշխարհՀայաստանՔաղաքականություն

Աթենքում պաշտոնական հանդիպումներ են տեղի ունեցել

Արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 10-ին Աթենքում ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Սևծովյան ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի (ICBSS) տնօրեն Գեորգիոս Միտրակոսի հետ։

Կարապետյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունները։ Քննարկվել են նաև «Խաղաղության խաչմերուկ» և «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրերը։ Կողմերը կարևորել են ծրագրերի իրականացումը՝ տարածաշրջանային փոխկապակցվածությունը և տնտեսական հնարավորությունները ընդլայնելու համատեքստում։

Դավիթ Կարապետյանն ու Գեորգիոս Միտրակոսն անդրադարձել են նաև «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում Սևծովյան ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի հետ համագործակցությունը զարգացնելու հեռանկարներին։

Հանդիպումներ են տեղի ունեցել նաև «Եվրոպական և արտաքին քաղաքականության հունական հիմնադրամի» խորհրդի նախագահ Լուկաս Ցուկալիսի հետ։ Քննարկվել է ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցությունը։

Մարինա Գրիգորյան