Ձյուն, մերկասառույց և մառախուղ. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Դեկտեմբերի 11-ին, ժամը 09։00-ի դրությամբ, ՀՀ մի շարք տարածաշրջաններում գրանցվում են բարդ եղանակային պայմաններ։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տեղեկացմամբ՝ Մեղրիի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վարդենիսի ավտոճանապարհներին դիտվում է տեղ-տեղ մերկասառույց։
Արտաշատի տարածաշրջանում առկա է մառախուղ․ տեսանելիությունը 40–50 մետր է, ինչի պատճառով վարորդներին հորդորում են պահպանել երթևեկության անվտանգության պահանջները։
Չնայած եղանակային դժվարություններին՝ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները շարունակում են մնալ բաց։ Ճանապարհաշինարարներն իրականացնում են ճանապարհների մաքրման և աղ–ավազով մշակման աշխատանքներ։
Միևնույն ժամանակ` Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը հաղորդում է, որ Վերին Լարսի անցակետով երթևեկությունը թույլատրվում է բոլոր տեսակի մեքենաներին։
