Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացրել Արցախի ներկայացուցչությունում
Արցախի ներկայացուցչությունում ՀՀ քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացրել՝ հունիս ամսին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Պաշտպան Ռոման Երիցյանի խոսքով՝ վարույթը կապված է ենթադրյալ տնտեսական հանցագործության հետ։ Այն կապված է կոնկրետ իրավաբանական անձի և Հայաստանում գործող բանկի միջև կնքված վարկային պայմանագրի և Արցախում գործող ներդրումային հիմնադրամի կողմից ցեսիայի պայմանագրի հետ։
«Խուզարկությունը տեղի է ունեցել դատարանի որոշման հիման վրա, որը նաև Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման արդյունքներից է բխում։ Պատճառը բոլորս հասկանում ենք. Արցախի պետական ինստիտուտների նկատմամբ հետապնդումները վաղուց են ակտիվ, և խորհրդարանական լսումները լրացուցիչ առիթ են դարձել նոր խուզարկությունների համար, – լրագրողների հետ զրույցում ասել է «Արցախ» միության նախագահ Արտակ Բեգլարյանը՝ ընդգծելով, որ մինչ այժմ պարզ չէ, թե կոնկրետ ինչ փաստաթղթեր են փնտրում։
Նախօրեին Արցախի ներկայացուցչությունում անցկացվել էին խորհրդարանական լսումներ, որտեղ արցախցի գործիչները նշել էին, որ չեն պատրաստվում հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հավաքական վերադարձի իրենց իրավունքից։ Քննչական կոմիտեն հաստատել է խուզարկության փաստը, նշելով, որ իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։
