Արթիկի ՔԿՀ տեղափոխված 25-ամյա կալանավորը ի նշան բողոքի փորձել է ինքնավնասում կատարել
Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկից Արթիկ է տեղափոխված 25-ամյա Հ․Ս․ անունով կալանավորը, նոր վայրում պահվում է միայնակ խցում։ Տեղափոխությունից որոշ ժամանակ անց երիտասարդը ինքնավնասման քայլի է դիմել՝ ցույց տալու համար, որ դեմ է իր կալանավայրի փոփոխությանը։
Նոյեմբերի 13-ին Արթիկի ՔԿՀ աշխատակիցները նրան տեղափոխել են Գյումրիի բժշկական կենտրոն․ բժիշկները արձանագրել են «ձախ նախաբազկի կտրած վերքեր»։ ԲԿ-ից ոստիկանությանը տեղեկացրել են , որ երիտասարդը հրաժարվել է բացատրել՝ ինչ հանգամանքներում է վնասվածքը ստացել։
Հետագայում Արթիկի ավագ համայնքային ոստիկան Ալեքսանյանը պարզել է, որ կալանավորը խցում կոտրել է լվացարանակոնքը և բեկորներով ինքն իրեն վնասել։ Նախնական տվյալներով՝ նրան ոչ ոք չի դրդել նման քայլի, և պատճառը հենց Նուբարաշենից Արթիկ տեղափոխվելն է եղել։
Կալանավորը մեղադրվում է ավազակություն կատարելու համար (ՔՕ 175-րդ հոդվածի 2-րդ մաս) և շարունակում է մնալ կալանքի տակ։
