Վերաքննիչ դատարանը հաստատեց «կարմիր գծերի» վճարների թանկացումը ոչ իրավաչափ ճանաչելու որոշումը․ ի՞նչ կլինի հետո
Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է Երևանի ավագանու բողոքը՝ վերահաստատելով, որ «կարմիր գծերի» 2025 թվականի սակագնի բարձրացումը ոչ իրավաչափ էր։ Այս մասին հայտնել է փաստաբան Վահե Գրիգորյանը։ Չնայած դատարանի որոշումներին, քաղաքացիների կյանքում ոչինչ չի փոխվել․ նրանք շարունակում են վճարել «կարմիր գծերի» համար։ Արդեն իսկ վճարված գումարները նույնպես հետ չեն վերադարձվի քաղաքացիներին, քանի որ ավագանին սահմանում է դրույքաչափերը մեկ տարվա համար
Նախկինում՝ 2025 թվականի մայիսի 23-ին, վարչական դատարանը արդեն անվավեր էր ճանաչել Երևանի ավագանու որոշման մի շարք դրույթներ, որոնք վերաբերում էին ավտոմեքենաների կայանման վճարների ավելացմանը։ Երևանի քաղաքապետարանը բողոքարկել էր այդ որոշումը, սակայն վերաքննիչը այս բողոքը նույնպես մերժել է։
Փաստաբանը նշում է, որ բողոքարկումն իրականացվել է «Մայր Հայաստան» շարժման և համանուն խմբակցության հետ համագործակցությամբ։
Amnews-ը փորձեց պարզաբանումներ ստանալ Երևանի քաղաքապետարանից։
ՀՀ վերաքննիչ դատարանի վերը նշված որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվելու օրվանից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան: Տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի ավագանու վերը նշված որոշման դեմ բողոք է ներկայացվելու ՀՀ վճռաբեկ դատարան՝ օրենքով սահմանված ժամկետում:
Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 26–ին ավագանու նիստում ընդունվել էր որոշում, որով 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի «կարմիր գծերում» ավտոմեքենաների կայանման արժեքը զգալիորեն բարձրացվել էր (1 ժամ՝ 300 դրամ, 1 օր՝ 2 000 դրամ, 1 ամիս՝ 24 000 դրամ, 1 տարի՝ 160 000 դրամ)։
