ՀայաստանՔաղաքականություն

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կտեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից կտեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Տեղեկությունը հայտնել է նրա պաշտպան Արա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ տեղափոխումը նախատեսված է երկուշաբթի՝ դեկտեմբերի 15-ին։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Միքայել սրբազանը ցանկություն է հայտնել իր միջոցների հաշվին վիրահատվել «Իզմիրլյան» ԲԿ-ում, ինչի վերաբերյալ Արա Զոհրաբյանը գրություն էր ուղարկել ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությանը։

Դեկտեմբերի 11-ին հայտնի էր դարձել, որ «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ը առաջարկել է կազմակերպել անհրաժեշտ վիրահատությունը համակարգի շրջանակում։

Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հոկտեմբերի 3-ին դատապարտվել է երկու տարվա ազատազրկման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու համար։