ՀայաստանՏնտեսություն

Ի՞նչ է հայտնի Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի և հացահատիկի ներմուծման գործընթացի մասին

ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հրաժարվեց մանրամասնել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի ներմուծման գործընթացը՝ այն որակելով որպես առևտրային գաղտնիք։ Նախարարի խոսքով՝ այս հարցով հանրությանը փոխանցվող տեղեկատվությունը սահմանափակվում է միայն այն փաստերով, որոնք արդեն պաշտոնապես հաստատվել են։

Պապոյանը նշեց, որ ավելին ասել չի կարող, քանի որ գործընթացը վերաբերում է մասնավոր տնտեսական հարաբերություններին։ Նա ընդգծեց, որ իր կողմից արված հայտարարություններից դուրս լրացուցիչ տեղեկություն չի հրապարակվելու։

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 6-ին, Դոհայում կազմակերպված քննարկման ընթացքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ քննարկվում է Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը։ Դեկտեմբերի 8-ին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը տեղեկացրել էր, որ դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցման համար տուրքեր չեն գանձվելու։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Վրաստանի այս որոշումը որակել էր որպես խաղաղության գործընթացին ուղղված քայլ։

Միևնույն ժամանակ, նախարարն անդրադարձավ նաև հացահատիկի ներմուծման թեմային՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի և Վրաստանի տարածքներով դեպի Հայաստան կշարունակվի հացահատիկի նոր խմբաքանակների ներմուծումը։ Նրա խոսքով՝ երկրորդ խմբաքանակն արդեն հասնում է, իսկ հաջորդները գտնվում են ճանապարհին։

Նախարարը հավելեց, որ խմբաքանակների ժամանման դեպքում կհրապարակի դրանց ծավալների վերաբերյալ տվյալները՝ նշելով տոննաներով չափը։