ՀայաստանՍոցիալական

Կենսաթոշակառուների և նպաստառուների համար անկանխիկ վճարումների հետվճարը կավելանա

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ 2026 թվականի հունվարի 1-ից անկանխիկ գործարքներ իրականացնող կենսաթոշակառուների և նպաստառուների համար հետվճարի չափը կավելանա։ Եթե ներկայումս վերադարձվում է գործարքի մինչև 12 տոկոսը, ապա նոր փոփոխությամբ այդ ցուցանիշը կհասնի մինչև 20 տոկոսի։

Փոփոխության արդյունքում շահառուները հնարավորություն կունենան ամսական ավելացնել իրենց կենսաթոշակը կամ նպաստը մինչև 10 հազար դրամով՝ ներկայում գործող 6 հազար դրամի փոխարեն։ Նախարարությունից նշում են, որ այս քայլը նպատակ ունի խթանել անկանխիկ վճարումների կիրառումը և բարձրացնել սոցիալական աջակցության արդյունավետությունը։

Նախարարության ներկայացրած տվյալների համաձայն՝ 2025 թվականի նոյեմբերի դրությամբ ծրագրից օգտվում է 366 հազար 432 քաղաքացի։ Ծրագրի մեկնարկից ի վեր կենսաթոշակային քարտերով իրականացվել է մոտ 327 միլիարդ դրամի անկանխիկ գործարք, որի արդյունքում շահառուներին հետվճարի ձևով վերադարձվել է շուրջ 30 միլիարդ դրամ։

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ 2026 թվականի ապրիլի 1-ից սոցիալական վճարումների համակարգում ևս մեկ փոփոխություն է նախատեսվում․ բոլոր պետական նպաստների վճարումները, այդ թվում՝ կենսաթոշակները և երեխայի ծննդով պայմանավորված նպաստները, կկատարվեն բացառապես անկանխիկ եղանակով։

Ներկայումս կենսաթոշակառուների և նպաստառուների շուրջ 10 տոկոսը շարունակում է վճարումները կանխիկ ստանալ։ Խոսքը մոտ 58 հազար քաղաքացու մասին է։ Ապրիլի 1-ից սկսած նրանք ևս հնարավորություն կունենան անցնելու անկանխիկ վճարումների և միանալու հետվճարի ծրագրին՝ ստանալով իրենց կենսաթոշակն ու նպաստը քարտային եղանակով։