Արամուսում և Զովաշենում չորս անձի սպանության գործով մեղադրյալը ճանաչվել է անմեղսունակ. նա չի կալանավորվի
Արամուսում և Զովաշենում չորս անձի սպանության գործով Թ. Հ.–ն փորձաքննության արդյունքում ճանաչվել է անմեղսունակ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ քրեական վարույթի շրջանակում նշանակված դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության համաձայն՝ անձը հանցագործության կատարման պահին չի կարողացել գիտակցել իր գործողությունների բնույթն ու հասարակական վտանգավորությունը կամ ղեկավարել դրանք։ Այդ հիմքով քրեական վարույթը փոխակերպվել է բժշկական հարկադրանքի միջոցների կիրառման վարույթի։
Նշվում է, որ Թ. Հ.–ի նկատմամբ կիրառվել է անվտանգության միջոց՝ բժշկական հսկողություն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղում՝ դաշտում, հայտնաբերվել էին ամուսիններ Արմենուհի Ղ.-ի և Գևորգ Ղ.-ի մարմինները՝ հրազենային վնասվածքներով և սուր առարկայից առաջացած հետքերով։ Ավելի ուշ իրավապահները ձերբակալել էին կասկածյալին։
Հոկտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ նույն անձը իր անվամբ գրանցված որսորդական հրացանով Զովաշեն գյուղում սպանել է ևս երկու քաղաքացու՝ Մարինե Հայրապետյանին և Վահե Մարտիրոսյանին։ Նույն օրը Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ նա տվել է խոստովանական ցուցմունք, և նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Գործի քննությունը շարունակվում է բժշկական հարկադրանքի միջոցների կիրառման ընթացակարգով։
