ՀայաստանՄշակույթ

Պարույր Սևակի աղմկահարույց արձանը կհեռացվի դպրոցի բակից․ հայտնի է պատճառը

Զանգակատուն համայնքում տեղադրված՝ Պարույր Սևակին նվիրված արձանը կհանվի Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից։ Այս մասին տեղեկացնում է Պարույր Սևակի տուն-թանգարանը։

Թանգարանի հաղորդմամբ՝ ավարտվել է հանրային հարցումը, որին մասնակցելու հնարավորություն ունեցել են բոլոր ցանկացողները՝ անկախ բնակության վայրից։ Սակայն վերջնական որոշումը կայացվել է բացառապես Զանգակատուն համայնքի բնակիչների քվեարկության արդյունքների հիման վրա։

Քվեարկության արդյունքներով՝ համայնքի բնակիչների 79,9 տոկոսը կողմ է արտահայտվել արձանի հեռացմանը, իսկ 20,1 տոկոսը՝ դեմ։ Այդ հարաբերակցությամբ էլ ընդունվել է համապատասխան որոշումը։

Վերջին օրերին արձանը լայն քննարկումների առարկա էր դարձել սոցիալական ցանցերում։ Շատ օգտատերեր դժգոհություն էին հայտնել քանդակի գեղարվեստական լուծումից՝ նշելով, որ այն չի արտացոլում Պարույր Սևակի կերպարին հարիր դիմագիծը և ավելի շատ ծաղրանկար է հիշեցնում։ Արձանի հեղինակը քանդակագործ Լևոն Թոքմաջյանն է։ Վերջինս ինքն էր առաջարկել արձանը նվիրել համայնքին։

Արձանի հեռացման հետ կապված հետագա քայլերի մասին հավելյալ տեղեկություններ դեռ չեն հրապարակվել։