ԱրցախՊատահար

Բաքվում ավարտվել է Կարեն Ավանեսյանի «դատավարությունը»․ նա դատապարտվել է 16 տարվա ազատազրկման

Արցախցիների բռնի տեղահանումից հետո Ստեփանակերտում մնացած վերջին բնակիչներից մեկը՝ Կարեն Ավանեսյանը, Ադրբեջանում դատապարտվել է 16 տարվա ազատազրկման։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ հրապարակումների՝ «դատավարությունը» տեղի է ունեցել Գյանջաում գործող առանձնապես ծանր հանցագործությունների դատարանում՝ դատավոր Իլքին Իբիշովի նախագահությամբ։

Ադրբեջանական կողմը Ավանեսյանին մեղադրում է «ահաբեկչության և առանձնապես ծանր այլ հանցագործությունների» մեջ։ Դեռևս 2025 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ԶԼՄ-րը, հղում անելով երկրի Ներքին գործերի նախարարությանը, հայտարարել էին, որ երկրի ներսում «ահաբեկչական հարձակման փորձ» են կանխել։ Նրանց վարկածով՝ Կարեն Ավանեսյանը ձերբակալության ժամանակ իբր երեք նռնակ է նետել և ինքնաձիգից կրակ բացել ոստիկանների ուղղությամբ, վիրավորել նրանցից մեկին, ինքն էլ է վիրավորվել։ Որպես «ապացույց» կադրեր էին հրապարակվել, որոնցում միայն երևում էր, թե ինչպես է տղամարդը պայուսակն ուսին շրջում քաղաքում։

Հիշեցնենք, որ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ. որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցում։ Նրանց պահման, առողջական և հոգեբանական վիճակի մասին տեղեկություններ չկան։

Հարկ է նշել, որ Կարեն Ավանեսյանը 2023 թվականին բռնի տեղահանությունից հետո Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մնացած վերջին բնակիչներից մեկն է։