ՍԱՏՄ-ն հայտնաբերել է անհամապատասխան կաթնամթերք
Երևանի մի շարք սուպերմարկետներում վաճառվող ներմուծված կաթնամթերքի մի մասը չի համապատասխանել սահմանված պահանջներին։ Ստուգումները իրականացրել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Տեսչության աշխատակիցները հսկիչ գնումներ են կատարել Երևանի «Կայզեր» և «Երևան սիթի» սուպերմարկետներից՝ գնելով ԵԱՏՄ և երրորդ երկրներից ներմուծված կաթնամթերքի տարբեր տեսակներից։ Նմուշները ենթարկվել են լաբորատոր փորձաքննության, որտեղ ստուգվել է դրանց ներսում մանրէների առկայությունն ու կաթնայուղի պարունակությունը։
Փորձաքննությունների արդյունքում պարզվել է, որ մի շարք ապրանքատեսակներ չեն համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։ Մասնավորապես՝ որոշ թթվասերների, յոգուրտների և պանրային արտադրանքների դեպքում արձանագրվել են կաթնայուղի զանգվածային մասի շեղումներ, իսկ մեկ դեպքում՝ նաև աղիքային ցուպիկի խմբի մանրէների առկայություն։
Մասնավորապես՝ հետազոտությունները ցույց են տվել, որ որոշ ապրանքանիշեր, այդ թվում՝ «Բրեստ Լիտովսկ» թթվասերը, «Ֆրուտիս» դեղձով յոգուրտը, «Նեժնի» ելակի յոգուրտը և «Չիզ լայֆ» սպիտակուցային-յուղային արտադրանքը չեն համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։
«Վերշկովիյ Ռայ» և «Գոլանդեց» սպիտակուցաճարպային մթերքը կաթնայուղի զանգվածի և մանրէաբանական ցուցանիշներով նույնպես չի անցել հետազոտությունը։
Անհամապատասխանություններ արձանագրված ապրանքանիշերը ներմուծող մի քանի ընկերություններում արդեն իրականացվել են վերահսկողական միջոցառումներ։
