ԿրոնՀայաստան

«5-րդ ալիք»-ը և «Երկիր մեդիա»-ն պատրաստ են եթեր տրամադրել «Շողակաթ»-ի հաղորդումների համար

«5-րդ ալիք» և «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունները պատրաստակամություն են հայտնել իրենց եթերում ժամանակ տրամադրել «Շողակաթ» հեռուստաընկերության հոգևոր-մշակութային հաղորդումների հեռարձակման համար։ Այս մասին հայտարարել են երկու հեռուստաընկերությունների ղեկավարները։

Լրատվական շրջանակներում նշվում է, որ «Շողակաթի» փակումը տեղի է ունենում Մայր աթոռ սուրբ Էջմիածնի և ՀՀ իշխանությունների հարաբերությունների սրման պայմաններում։ «Շողակաթին» աջակցություն հայտնած երկու լրատվամիջոցներն էլ ունեն հակաիշխանական խոսույթ։ Թե ինչպես նրանք կանդրադառնան «Շողակաթի» հեռուստաընկերության վրա,փորձը ցույց կտա։ Սակայն ակնհայտ է, որ եկեղեցին աստիճանաբար «խաղաթուղթ» է դառնում տարբեր քաղաքական ուժերի համար։

Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը նախորդ օրը կայացած նիստում որոշում է ընդունել լուծարել «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ–ն՝ Շողակաթ հեռուստաընկերությունը։

Լուծարման հիմքում դրվել է 2025 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում կատարված փոփոխությունը, որով նախատեսվում է հանրային հեռարձակողների թվի կրճատում։ Նույն փոփոխություններով վերացվել է հանրային հեռարձակողների համար կրթական և մշակութային ուղղվածության ծրագրեր պարտադիր ներառելու պահանջը։

«Շողակաթ» հեռուստաընկերությունը հիմնադրվել էր 2011 թվականին՝ ՀՀ կառավարության որոշմամբ, և դրա բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահված էին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին։ Հեռուստաընկերության հիմնական ուղղվածությունը հոգևոր և մշակութային բովանդակության ստեղծումն ու հեռարձակումն էր։

Օրենսդրական փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2026 թվականի հունվարի 1-ից։