Հայաստանում փակ ավտոճանապարհ կա․ ի՞նչ է հայտնի ճանապարհային իրավիճակից
Ճանապարհային դեպարտամենտի տեղեկացմամբ՝ դեկտեմբերի 27-ին ժամը 18:00-ի դրությամբ ձյուն է տեղում Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Աբովյանի, Սևանի, Անիի, Ճամբարակի, Աշոցքի, Սիսիանի, Մեղրիի տարածաշրջաններում, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում։ Վերջինս դժվարանցանելի է հատկապես կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Աբովյանի և Արտաշատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։
Ժամը 18:40-ի դրությամբ սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Մ-7 միջպետական ավտոճանապարհի՝ Լուսաղբյուր բնակավայրից մինչև Ջաջուռի ոլորաններ հատվածը փակ է։
Ճանապարհաշինարարները շարունակաբար իրականացնում են ձնամաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ՝ երթևեկությունն ապահով պահելու նպատակով։
Միևնույն ժամանակ, Ռազմավրացական ճանապարհը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար, սակայն այն երեկվանից շարունակում է փակ մնալ բեռնատարների համար։ Լեռնանցքում եղանակը վատ է։ Որոշ շրջաներում մերկասառույց է և ձյան կուտակումներ։ Amnews-ի տվյալներով՝ արձանագրվել են մի քանի ճանապարհատրանսպորտային պատահարներ՝ հիմնականում ամառային անվադողերով երթևեկող վարորդների մասնակցությամբ։
Սահմանային անցակետերում մարդատար մեքենաների համար լուրջ հերթեր չեն արձանագրվում․ անցման միջին ժամանակը կազմում է մոտ մեկ ժամ։
