2026 թվականին էլեկտրաէներգիայի սակագները կմնան անփոփոխ
2026 թվականին էլեկտրաէներգիայի սակագները սպառողների համար չեն բարձրանա, և կմնան նույնը։ Այս մասին այսօր որոշում է կայացրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ)՝ հաստատելով էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցողների սակագները։
Հայաստանում 2022-ի փետրվարի 1-ից անփոփոխ սակագինը միջին սպառման դեպքում (մինչև 200 կՎտ-ժ) կազմում է 46,5 դրամ 1 ԿՎտ/ժ-ի համար։ 200-400 կՎտ/ժ սպառման դեպքում գինը բարձրանում է մինչև 48,5 դրամ, իսկ 400 կՎտ/ժ-ից ավելի սպառման դեպքում՝ 53,5 դրամ։ Սոցիալապես խոցելի ընտանիքների համար գործում է արտոնյալ սակագին՝ 30 դրամ։
Հանձնաժողովը նշել է, որ սակագների վրա ազդեցություն ունեցող բոլոր գործոնների վերլուծության արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագնի փոփոխության անհրաժեշտություն չի առաջացել։
Ավելի վաղ, հոկտեմբերի 30-ին, «Տաշիր կապիտալը» երկրորդ անգամ դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագնի իջեցման համար, սակայն դիմումը մերժվել էր։ Առաջին դիմումը, որը ներկայացվել էր մայիսին, նույնպես մերժվել էր։ Դրանից հետո «Մեր ձևով» շարժումը ստորագրահավաք էր կազմակերպել՝ պահանջելով էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում։
Հուլիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀԾԿՀ-ի և էներգետիկայի ոլորտի օրենքներում փոփոխությունների փաթեթը, որը նախատեսում է ՀԷՑ-ի պետականացման գործընթացը։ Հուլիսի 18-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ է նշանակվել նախկին ՀԾԿՀ–ի պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը։
Նոյեմբերի 17-ին ՀԾԿՀ–ն դադարեցրել է ՀԷՑ–ի՝ «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։ «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին։
