Դատարանը փոխել է Սամվել Կարապետյանի խափանման միջոցը
Դատարանը փոխել է գործարար և բարերար Սամվել Կարապետյանի խափանման միջոցը։ Տեղեկությունը հայտնել է Կարապետյանի պաշտպանական խմբի անդամ Արմեն Ֆերոյանը։
Նրա խոսքով՝ կալանքը փոխարինվել է գրավով և տնային կալանքով։
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին խուզարկություն էր իրականացվել Սամվել Կարապետյանի տանը՝ այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն էր հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ քննադատելով այն խմբերին, որոնք, նրա խոսքով, հարձակվում են հայ եկեղեցու և հայ ժողովրդի վրա։ Հունիսի 18-ին Կարապետյանը կալանավորվել էր։ Նրա կալանքը մի քանի անգամ երկարաձգել էին
Գործարարին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ մասնավորապես 290-րդ (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը), 296-րդ (փողերի լվացում) և 422-րդ (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը փոփոխվել է։ Մասնավորապես, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
