ՀայաստանՍոցիալական

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ժամը 15:26-ի դրությամբ ՀՀ տարածքում առկա են փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները, ինչպես նաև Բերդ–Ճամբարակ ավտոճանապարհը (բուք)։

Թթուջուր–Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Նորավան–Լծեն–Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Շիրակի մարզում տեղում է ձյուն։ Արթիկի տարածաշրջանում, Քուչակ–Միրաք և Սևանից մինչև թերակղզի տանող ավտոճանապարհներին դիտվում է բուք։ Ձյուն չի գալիս Գյումրիում։

Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար տրանսպորտային միջոցների համար։