ԻրավականՀայաստան

Գարեգին Երկրորդին ուղղված արտահայտության հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել

Գառնիում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ կապված Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին ուղղված արտահայտության հետ։ Տեղեկությունը հաստատել են ՀՀ Դատախազությունից։

Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 28-ին՝ Գառնու եկեղեցու բակում, որտեղ պատարագի էին մասնակցում մի շարք քաղաքացիներ։ Նրանց շարքում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այդ ընթացքում իշխանամետ Civic.am կայքի լրագրողը հավաքվածներին հարց է ուղղել՝ թե «ինչ պետք է լինի, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանա», ինչին ի պատասխան ներկաներից մեկը հնչեցրել է բռնություն պարունակող արտահայտություն։

Դեկտեմբերի 29-ին հայտնի դարձավ, որ դատախազությունն ուսումնասիրում է միջադեպը՝ պարզելու հանցակազմի առկայությունը։ Հունվարի 7-ին արդեն նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով՝ բռնության կոչ՝ լրատվության միջոցների կամ տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ։ Ներկայում իրականացվում է նախաքննություն։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նշված արտահայտության հեղինակը Էդվարդ Ստեփանյանն է, որը աշխատում է Գառնիի համայնքապետարանի ենթակայության տակ գործող կոմունալ տնտեսությունում և զբաղվում է ջրաչափերի սպասարկման աշխատանքներով։