ՀայաստանՌազմական

Պապիկյանը ներկայացրել է պաշտպանության ոլորտի ծախսերի աճի դինամիկան․ իրականում ի՞նչ թվեր են

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տարեկան ամփոփիչ ասուլիսի ընթացքում համեմատական է անցկացրել 2018 և 2025 թվականների պաշտպանության ոլորտի ցուցանիշների միջև՝ անդրադառնալով ինչպես ծախսերի աճին, այնպես էլ ոլորտում իրականացված բարեփոխումներին։

Նախարարի խոսքով՝ 2018 թվականին, որը համընկնում է թավշյա հեղափոխության տարվան, պաշտպանության ոլորտի ծախսերը կազմել են 245 միլիարդ դրամ, մինչդեռ 2025 թվականին այդ ցուցանիշը հասել է 664 միլիարդ դրամի, ինչը համարժեք է շուրջ 1 միլիարդ 741 միլիոն դոլարի։ Պապիկյանը նշել է, որ այսպիսով պաշտպանության ոլորտի ֆինանսավորումն ավելացել է մոտ 1,1 միլիարդ դոլարով։

Նրա գնահատմամբ՝ կարևոր է հենց հեղափոխության տարվա հետ համեմատությունը, քանի որ պաշտպանության ֆինանսավորման շուրջ հաճախ հնչում են քննադատություններ և շահարկումներ։ Նախարարը շեշտել է, որ ներկայացված թվերը ցույց են տալիս ոլորտի ծախսերի զգալի աճը և հակասում են այն պնդումներին, թե պաշտպանական ոլորտը թերֆինանսավորվում է։ 2025 թվականը նա որակել է որպես գերարդյունավետ տարի՝ թե՛ կատարված ծախսերի, թե՛ իրականացված ծրագրերի տեսանկյունից, և ընդգծել, որ նպատակ ունեն 2026 թվականին ևս շարունակել աշխատանքը նույն տրամաբանությամբ։

Պապիկյանի խոսքով՝ 2025 թվականը կարևոր է եղել նաև բարեփոխումների տեսանկյունից։ Մասնավորապես՝ նա նշել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կրճատումը՝ այն համարելով շրջադարձային քայլ Հայաստանի Երրորդ հանրապետության պատմության մեջ։ Անդրադառնալով քննադատություններին՝ նախարարը նշել է, որ այս նախաձեռնությունը հնարավոր է դարձել պաշտպանության ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքում։ Նա նաև հայտնել է, որ 2023 թվականի համեմատ 2025 թվականին զորակոչի ցուցանիշը աճել է 19 տոկոսով։

Ավելի վաղ հայտարարվել էր նաև, որ 2026 թվականին պաշտպանության ոլորտի ֆինանսավորումը 2025 թվականի համեմատ կկրճատվի՝ շուրջ 39,8 միլիարդ դրամով կամ 5,9 տոկոսով։

Պետական բյուջեի տվյալներով՝ պաշտպանության ոլորտի ծախսերը 2018-ին կազմել են 245,173 միլիարդ դրամ, 2019-ին՝ 307,983 միլիարդ, 2020-ին՝ 308,862 միլիարդ, 2021-ին՝ 313,123 միլիարդ, 2022-ին՝ 346,779 միլիարդ, 2023-ին՝ 519,523 միլիարդ, 2024-ին՝ 556,193 միլիարդ, 2025-ին՝ 667,052 միլիարդ դրամ։ 2026 թվականի համար նախատեսված է 567,513 միլիարդ դրամի պաշտպանական ծախս։