ՊՆ-ն նախատեսում է երկարաձգել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների պայմանագրերը
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նախատեսվում է երկարաձգել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցների պայմանագրերը։ Տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նախարարը նշեց, որ ծրագրի ներդրումը վերջին 2,5 տարում արդեն նոր ցուցանիշներ է տվել, և բանակի համար գրանցվել են էական հաջողություններ։
Ես սա համարում եմ գերատեսչական և անձամբ իմ հաջողությունը՝ որպես օրենքի հեղինակ,– ասաց նա։
Նախկինում ծրագրի շրջանակում ծառայությունը տևում էր 5 տարի, և ծառայությունը ավարտած շահառուները ստանում էին 5 մլն դրամ պատվովճար։ 2026 թվականին Ազգային ժողովը կքննարկի մի նախագիծ, որով «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների պայմանագրերը կերկարաձգվեն ևս 2 և 5 տարով։
Նոր փոփոխության արդյունքում շահառուները 2 տարվա ծառայության համար կստանան 1,5 մլն դրամ, իսկ ևս 5 տարի ծառայելու դեպքում՝ 5 մլն դրամ պատվովճար։ Այսինքն՝ 10 տարվա հանրագումարով ծրագրի մասնակցին կտրամադրվի 10 մլն դրամ պատվովճար։
Նախարարը նշեց, որ այս քայլը կխրախուսի ծրագրի հիմքերի ամրապնդումը և կապահովի պրոֆեսիոնալ բանակի կայուն շարունակականություն։ Այս պահին ծրագրի շահառու է 4,234 ծառայող։ Միայն ամառային զորակոչից արդեն իսկ ստացվել է 906 դիմում, և Պապիկյանը հույս հայտնեց, որ մինչև պայմանագրերի կնքման ավարտը այդ թիվը կավելանա ևս 200–ով։
