Անչափահասի նկատմամբ հարուցվել է քրեական գործ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների համար
2022 թվականին ՀՀ մարզերից մեկի անչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբ: Նախաքննությունը, որը սկսվել էր 2022 թվականի նոյեմբերին, ավարտվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Քննության ընթացքում պարզվել է, որ 2022 թվականին մեղադրյալը հանդիպել է իր տարեկիցի հետ կարևոր տվյալ հայտնելու պատրվակով, ապա բռնություն գործադրելով՝ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ:
Նույն անձը 2024 թվականի նոյեմբերի 14-ին, վկա լինելով մեկ այլ քրեական վարույթի շրջանակում, հրաժարվել է ցուցմունք տալուց այն դեպքերի մասին, որոնք վերաբերում էին մի շարք անչափահասների կողմից սեքսուալ բնույթի գործողություններ և առևանգումներ կատարելու հանգամանքներին։
Անչափահասի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որը կատարվել է 12-ից 14 տարին չլրացած անձի նկատմամբ) և 503-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ցուցմունք, եզրակացություն կամ կարծիք տալուց կամ թարգմանություն կատարելուց հրաժարվելը՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության առնչությամբ)։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։
