ԱռողջությունՀայաստան

Սոցիալական փաթեթի շահառուների համար փոխվել են բժշկական զննության և միջոցների օգտագործման կանոնները

2026 թվականի հունվարի 1-ից սոցիալական փաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բժշկական զննություն անցնելու պահանջը։ Այդ մասին հայտնում է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Նոր կարգավորմամբ՝ սոցիալական փաթեթի շահառուն կարող է իր փաթեթի միջոցները, այդ թվում՝ ամսական նախատեսված գումարը, սեփական դիմումի հիման վրա ուղղել Առողջության համընդհանուր ապահովագրության համար սահմանված վճարի մարմանը՝ դիմելով գործատուին։

Միաժամանակ, շահառուն հնարավորություն ունի սոցիալական փաթեթի միջոցներից վճարել նաև իրեն փոխկապակցված անձի՝ ծնողի, ամուսնու կամ կնոջ, զավակի, որդեգրողի, որդեգրվածի, խնամակալի կամ խնամարկյալի ապահովագրավճարը։

Սահմանվել է նաև, որ յուրաքանչյուր տարվա ավարտից հետո շահառուն կարող է կանխիկացնել սոցիալական փաթեթի հաշվին առկա միջոցները՝ հաշվի առնելով տվյալ տարվա ընթացքում ապահովագրության հիմնադրամին փոխանցված ապահովագրավճարների ընդհանուր չափը։ Նշվում է, որ կուտակված գումարները կանխիկացնելու համար պարտադիր բժշկական զննություն անցնելու պահանջ այլևս չի գործում։