ԱռողջությունՀայաստան

Ութ կանչից հետո շտապօգնության ծառայությունը վճարովի կդառնա

Հայաստանում ներդրվող առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգում շտապօգնության անվճար կանչերի տարեկան սահմանափակում է դրվել։ Ըստ նոր կանոնների, անվճար կլինի մինչև ութերորդ կանչը, իսկ իններորդ և հաջորդ կանչերի համար սահմանվել է 10․000 դրամ սակագին։

Այս մասին հունվարի 14-ին ասուլիսի ժամանակ հայտնել է «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը։ Նա նշել է, որ կան բացառություններ՝ օրինակ՝ ցրտահարություն, դանակահարություն, կայծակնահարություն, հրազենային վիրավորում և այլ դեպքեր։

Գրիգորյանը հավելել է, որ շտապօգնության բոլոր մեքենաներն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով և տեխնոլոգիական միջոցներով՝ առաջին բուժօգնությունը ցուցադրելու համար։

Տնօրենի ներկայացրած տվյալների համաձայն, 2025 թվականին Երևանի բնակչության շուրջ 99%-ը կատարել է մինչև ութ կանչ, իսկ մնացած 1%-ի կեսը կատարել է մինչև 20 կանչ, մյուս կեսը՝ 20-ից ավելի կանչ տարեկան կտրվածքով։

Գրիգորյանը նշել է, որ արդեն սկսվել է բուժառուների ծանուցման գործընթացը. այս պահի դրությամբ երկու քաղաքացի ստացել է ծանուցում ութ կանչի սահմանաչափը լրացնելու մասին և պարտավոր է 15 օրվա ընթացքում վճարել սահմանված սակագինը։

Նախագիծը նպատակ ունի վերահսկել շտապօգնության կանչերի ծավալները և ապահովել ծառայության օպերատիվությունը։