ՀայաստանՌազմական

Բժշկական կենտրոնի փոխտնօրենը կաշառքի դիմաց օժանդակել է զինծառայությունից խուսափելուն

Բժշկական կենտրոններից մեկի փոխտնօրենը կաշառքի դիմաց օժանդակել է մի շարք զինակոչիկների՝ պարտադիր զինվորական ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելուն։ Այս գործով նախաքննությունն ավարտվել է, և ընդհանուր առմամբ 9 անձի վերաբերյալ նյութերը ուղարկվել են դատարան։

Նախաքննությամբ պարզվել է, որ բժշկական կենտրոնի փոխտնօրենը 2023 թվականին զինակոչիկի ծնողից ստացել է 3500 ԱՄՆ դոլարին համարժեք գումար՝ բժշկական փաստաթղթերում առողջական վիճակի վերաբերյալ կեղծ տվյալներ ներառելու և օրենքով սահմանված հիմքերի բացակայության պայմաններում զինվորական ծառայությունից խուսափելուն նպաստելու համար։

Քննությամբ հաստատվել է նաև, որ 2024 թվականին նա շարունակել է նույն գործելակերպը՝ ինչպես զինկոմիսարիատների ուղեգրերի հիման վրա, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ կազմակերպելով զինակոչիկների բժշկական ստուգումներ և կազմելով կեղծ բժշկական եզրակացություններ։ Այդ գործողությունների դիմաց տարբեր զինակոչիկների ծնողներից նա ստացել է տարբեր չափերի կաշառքներ։

Բացի այդ, 2025 թվականին նույն անձը մեկ այլ բժշկական կենտրոնի աշխատակցի օժանդակությամբ փորձել է փաստաթղթերի կեղծման միջոցով պայմաններ ստեղծել ևս մեկ զորակոչիկի՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար, սակայն հանցավոր գործողությունը չի ավարտվել, քանի որ այն բացահայտվել է նախքան հերթական զորակոչի հայտարարումը։

Փոխտնօրենին մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով, որոնք վերաբերում են կաշառք ստանալուն, զինվորական ծառայությունից խուսափելուն օժանդակելուն և հանցափորձին։ Նրա նկատմամբ սկզբում կիրառվել է կալանք, որը հետագայում փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոցներով։

Մեղադրանքներ են ներկայացվել նաև նրան կաշառք տված և հանցավոր գործողություններին օժանդակած ևս ութ անձանց։ Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ դատական քննության համար։