Ստեփանակերտի քաղաքապետն արդարացվել է
Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանը արդարացման վերդիկտ է կայացրել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և ավագանու հինգ անդամների նկատմամբ։ Տեղեկությունը հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ ֆեյսբուքյան գրառման մեջ։
Որոշումը կայացվել է շուրջ 1 տարի տևած դատաքննություններից հետո։ Ստեփանակերտի քաղաքապետն ու ավագանու անդամները մեղադրվում էին խարդախությամբ առանձնապես խոշոր չափով գույքի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու համար։
Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ նրանք կեղծ փաստաթղթերով օտարել են Ստեփանակերտ համայնքին պատկանող 19 միլիոն դրամից ավելի արժողությամբ 4 ավտոմեքենա։ 2024 թվականի մայիսի 27-ին Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ 20 օր ժամկետով, որից հետո խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով: Հետագայում նախաքննական մարմինը միջնորդել էր նրա նկատմամբ վարչական հսկողություն սահմանելու համար, սակայն 2025 թվականի հունվարի 29-ին հայտնի դարձավ, որ այդ խափանման միջոցը ևս վերացվել է՝ պահպանելով միայն չբացակայելու արգելքը։ Վերջինս ուժը կորցրել է օգոստոսի 4-ին։
Հարկ է նշել որ 2024 թվականի մայիսին նույն մեղադրանքով ձերբակալվել էին նաև Մարտակերտի ու Ասկերանի քաղաքապետները, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը հետագայում դադարեցվել էր։
Դատարանը հաստատել է, որ մեղադրանքները չեն հաստատվել և բոլոր մեղադրյալները արդարացվել են։
