Երևանում ոստիկանության գվարդիայի երկու ծառայողի վրաերթի ենթարկած վարորդն ու ուղևորը ձերբակալվել են
Երևանում ոստիկանության գվարդիայի երկու ծառայողների վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդի և նրա ուղևորի ինքնությունը պարզվել է։ Նրանց ձերբակալել են և տեղափոխել համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 15-ին՝ երեկոյան ժամերին, Գյուրջյան փողոցում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի վարորդը կասկածելի վարքագիծ է դրսևորել, ինչից հետո փորձել է փախչել իրավապահներից։ Գվարդիայի ծառայողները փորձել են կանգնեցնել մեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել «կանգ առ» հրահանգին և շարժվել է նրանց ուղղությամբ՝ վրաերթի ենթարկելով ոստիկանության երկու ծառայողի։
Փախուստի ընթացքում ավտոմեքենան շարժվել է անկանոն, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի։ Հետապնդման ժամանակ գվարդիայի ծառայողներից մեկը նախազգուշական կրակոց է արձակել իրեն ամրակցված զենքով, սակայն վարորդը շարունակել է երթևեկությունը։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ կրակ է արձակվել նաև ավտոմեքենայի անիվներին։
Նորք-Մարաշի 1-ին նրբանցքում վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը։ Վարորդն ու ուղևորը փորձել են դիմել փախուստի, սակայն ոստիկանների կողմից արագ ձերբակալվել են։
Պարզվել է, որ նրանք Երևան քաղաքի 34 և 35 տարեկան բնակիչներ են։ 34-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1,92 գրամ փոշենման զանգված։ Նա խոստովանել է, որ այդ զանգվածը կոկաին և ինքը այն ձեռք բերել Telegram-յան ալիքի միջոցով։
Վրաերթի ենթարկված գվարդիայի ծառայողները բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից․ նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Նախաքննությունը շարունակվում է։
