Երևանում ձերբակալվել է կաշառք առաջարկած ոչ սթափ վարորդ
Երևանի պարեկային ծառայության ծառայողները հունվարի 14-ին մայրաքաղաքի Թամանցիների փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենա: Ստուգման ժամանակ պարզվել է, որ 56-ամյա վարորդը սթափ չէ։
Իրավախախտման համար նրա նկատմամբ կազմվելու էր մեկ տարվա ընթացքում տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկման արձանագրություն, իսկ մեքենան տեղափոխվելու է տուգանային հրապարակ: Սակայն, ի պատասխան՝ Եղվարդ քաղաքի բնակիչը փորձել է պարեկներին կաշառք առաջարկել՝ իր իրավախախտումը չարձանագրելու նպատակով. սկզբում առաջարկել է 40 հազար, այնուհետև՝ 150 հազար դրամ:
Վարորդը ձերբակալվել է և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։
