ԱշխարհՀայաստանՔաղաքականություն

Նստացույց Իրանի դեսպանատան առջև․ ցուցարարներին թույլ չեն տվել երթ իրականացնել

Իրանի դեսպանատան դիմաց այսօր անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում վարչական ձերբակալման է ենթարկվել 7 քաղաքացի։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Նրա փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցները փորձել են իրականացնել չարտոնված երթ, ինչի հետևանքով ոստիկանությունը կանխել է երթի անցկացումը։ Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար 7 անձ ձերբակալվել է։

Բողոքի ակցիայի մասնակիցները դժգոհություն են հայտնում Իրանում ցուցարարների սպանությունների և իշխանությունների գործողությունների հանդեպ։

Նրանք մտադիր էին երթ իրականացնել մինչև Կապույտ մզկիթ, սակայն ոստիկանության արգելքի պայմաններում նստացույց են սկսել դեսպանատան առջև։

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ հակակառավարական ցույցերի ընթացքում առնվազն 3,000 մարդ է ձերբակալվել։

Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուրբաթ օրը մայրաքաղաք Թեհրանի և երկրի այլ շրջանների փողոցները համեմատաբար խաղաղ էին՝ անվտանգության ուժերի ներկայության պայմաններում։

Մարինա Գրիգորյան