Հունվարի 27-ը սահմանվեց որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր․ այն ոչ աշխատանքային կլինի
Ազգային ժողովը հունվարի 20-ի նիստում ընդունել է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով հունվարի 27-ը սահմանվում է որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի և ոչ աշխատանքային օր։
Օրինագիծը ներկայացրել էին ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և պատգամավոր Գեղամ Նազարյանը։ Ընդդիմությունը դեմ քվեարկեց նախագծին, բայց այն ընդունվեց ձայների մեծամասնությամբ։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ իրենց համար անընդունելի է նշված օրը սահմանել որպես հիշատակի օր՝ նշելով, որ այդ մոտեցմամբ Հայոց բանակը թիրախավորվում է, «զոհ» բառն էլ զուգակցվում բանակի հետ։
Ռուբեն Ռուբինյանը սոցիալական ցանցում հայտնել է, որ իրենց խնդրանքով Հանրապետության նախագահը օրենքը հնարավորինս արագ կստորագրի, որպեսզի այն ուժի մեջ մտնի արդեն այս տարի։ Նրա խոսքով՝ այդ դեպքում 2026 թվականի հունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային օր։
Նախագծի համահեղինակը նշել է, որ ընտրված ամսաթիվը խորհրդանշական է և կապված չէ որևէ կոնկրետ ռազմական գործողության հետ։ Նրա խոսքով՝ հունվարի 27-ը նախորդում է հունվարի 28-ին նշվող Բանակի օրվան, ինչը հնարավորություն է տալիս նախ հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհվածներին, ապա տոնել Հայոց բանակի օրը։
Ռուբինյանը հայտնել է նաև, որ քննարկումների ընթացքում դիտարկվել են այլ տարբերակներ՝ այդ թվում օգոստոսյան ամսաթվեր և եկեղեցական տոներին հաջորդող Մեռելոցը, սակայն ընդհանուր համաձայնության չհասնելու արդյունքում ընտրվել է հունվարի 27-ը։
