Եղվարդի մոտ կկառուցվի Հայաստանի առաջին պրոֆեսիոնալ ավտոմրցուղին
Հայաստանում մեկնարկել է առաջին պրոֆեսիոնալ ավտոմրցուղու շինարարությունը, որը կտեղակայվի Եղվարդ քաղաքի հարակից տարածքում։ Կարտոդրոմը կկրի Դանիել Դալլաքյանի անունը։
Շինարարական աշխատանքները սկսվել են մի քանի ամիս առաջ։ Նախագծի համաձայն՝ մրցուղու բացումը նախատեսվում է 2026 թվականի մայիսին, իսկ ամբողջական ավարտը՝ 2028 թվականին։
Մրցուղու երկարությունը կկազմի 1688 մետր։ Այն կունենա 17 շրջադարձ՝ 10 աջ և 7 ձախ, իսկ լայնությունը կկազմի 8–10 մետր։ Այն նախատեսված է GT3 դասի ավտոմեքենաների, մարդատար ավտոմեքենաների, մոտոցիկլների։
Նշվում է, որ մրցուղին կհամապատասխանի FIA-ի բոլոր չափանիշներին և միջազգային մրցումներին մասնակցելու համար կտրամադրի FIA-ի որակավորմամբ մրցուղային լիցենզիա ստանալու հնարավորություն։
Մրցուղու համալիրի տարածքում նախատեսվում է ստեղծել նաև ավտոսպորտային ակադեմիա, որտեղ հայ երիտասարդ մարզիկները հնարավորություն կունենան շփվել եվրոպացի մասնագետների հետ և համապատասխան հմտություններ ձեռք բերել։
Նախագիծը նպատակ ունի խթանել ավտոսպորտի զարգացումը Հայաստանում և ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան մարզումային և մրցակցային միջավայր։
