ՀայաստանՏնտեսություն

Ինչքա՞ն է ՀՀ պետական պարտքը․ ֆինանսների նախարարը խոսել է այդ մասին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պարզաբանել է, որ պետական պարտքի կամ դրա սպասարկման ծախսերի ավելացումը խնդրահարույց չէ։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին պարտքը աճել է, սակայն դրա հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ բարելավվել է՝ այսօր այն կազմում է 48 տոկոս, մինչդեռ 2018-ին հասնում էր 52 տոկոսի։

Հովհաննիսյանը նշել է, որ վերջին տարիներին պարտքի հաշվին իրականացված ծախսերը դրական արդյունքներ են տվել, և դա թույլ է տալիս կառավարությանը շարունակել պետական պարտքը սպասարկել առանց դժվարությունների։

Նախարարի խոսքով՝ 2025 թվականին պետական պարտքի սպասարկման ծախսերը պլանավորածից ցածր են եղել, ինչը պայմանավորված է նաև շուկայի դրական զարգացումներով։

Վահե Հովհաննիսյանը հավելել է, որ եթե 2025 թվականին նախատեսվում էր, որ կառավարության պարտքը կհասնի 50 տոկոսի, այժմ այն կազմում է մոտ 47.8 տոկոս, մինչդեռ 2024 թվականի ավարտին պետական պարտքը կազմել է 48 տոկոս։

Ավելի վաղ Հովհաննիսյանը նշել էր, որ Հայաստանի պետական պարտքն 2025 թվականի առաջին կիսամյակում դրամային արտահայտությամբ կազմել է 5 տրլն 323 մլրդ դրամ, իսկ դոլարային արտահայտությամբ՝ 13 մլրդ 852 մլն դոլար: Ընդ որում՝ ներքին պարտքը շարունակում է ավելի բարձր լինել, քան արտաքին պարտքը՝ հասնելով 52 տոկոսի: Դրամային պարտքը կազմում է 51 տոկոս՝ արտարժութային պարտքի 49 տոկոսի համեմատ: