ՀայաստանՏնտեսություն

Ոսկու և արծաթի գները Հայաստանում կրկնակի և եռակի անգամ թանկացել են

Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում ոսկու գինը գրեթե կրկնապատկվել է։ Եթե 2024 թվականին 1 գրամ 999 հարգի ոսկին արժեր մոտ 28․000 դրամ, ապա այսօր դրա արժեքը հասել է 57․874 դրամի։ 375 հարգ ոսկին նույն ժամանակահատվածում աճել է՝ 10․823-ից դառնալով 21․702 դրամ։

Փոփոխությունները միանգամից չեն եղել։ 2025 թվականի ապրիլին 999 հարգ ոսկին արժեր 39․410 դրամ, նոյեմբերին՝ արդեն 50․653 դրամ, իսկ 2026 թվականի հունվարին՝ 57․874 դրամ։ Այս արագ աճը վկայում է այն մասին, որ ոսկու շուկան Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում, վերջին ամիսներին տատանումների է ենթարկվել՝ կապված համաշխարհային գործընթացների և կենտրոնական բանկերի վարքագծի հետ։ Դրա մասին խոսել է նաև Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը շեշտել է, որ ոսկու գները հիմնականում Կենտրոնական բանկերի կողմից իրականացվող գնումների վրա են հիմնված, ոչ սպառողական պահանջարկի աճի։ Նա ընդգծել է, որ եթե այս վարքագիծը չփոխվի, ոսկու գները դժվար թե կտրուկ իջնեն։

Ոսկուց բացի, զգալի գնաճ է գրանցվել նաև արծաթի շուկայում։ 2024 թվականին 1 գրամ արծաթի արժեքը կազմել է 365 դրամ, իսկ այսօր մեկ գրամը արդեն արժե 1166 դրամ։