Երասխ-Սադարակ երկաթուղին ուսումնասիրվել է բացման նպատակով
Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները համատեղ ուսումնասիրել են Երասխ-Սադարակ հատվածում գտնվող երկաթուղու տեխնիկական վիճակը՝ այն վերաբացելու նպատակով։
Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե երկաթուղու վերաբացման նպատակ չլիներ, այդպիսի ուսումնասիրություն պարզապես չէր իրականացվի»,- նշել է վարչապետը։
Նա նաև արձագանքել է ընդդիմադիր շրջանակների պնդումներին, թե TRIPP-ը չի նպաստում Հայաստանի ապաշրջափակմանը կամ կարող է վտանգել երկրի ինքնիշխանությունը՝ դրանք որակելով որպես չհիմնավորված։
Հիշեցնենք, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդմամբ՝ հունվարի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները համատեղ զննում են իրականացրել Երասխ–Սադարակ երկաթուղային հատվածում։
Զննման նպատակն է եղել գնահատել ենթակառուցվածքի տեխնիկական վիճակը՝ հատուկ շինարարական տեխնիկայի անվտանգ շահագործումն ապահովելու և վերականգնման համալիր միջոցառումներ իրականացնելու համար։
