«Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանն հիվանդանոց է տեղափոխվել
«Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանը Արմավիրի քրեակատարողական հիմնարկից հիվանդանոց է տեղափոխվել։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Բժիշկների ցուցումով նա դադարեցրել է հացադուլը։
Նարեկ Սամսոնյանն արդեն 14–րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է գտնվում։ Նրան հիվանդանոց էին տեղափոխել նաև հունվարի 18-ին։ Բուժզննությամբ պարզվել էր, որ նրա սրտի զարկերի թիվը նորմայից բարձր է, ինչի հետևանքով շտապօգնություն է կանչվել։
Նշենք, որ դիմակավորված ուժայինները նոյեմբերի 13-ի առավոտյան ներխուժել էին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալել նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ են իրականացվել, առգրավվել է ամբողջ տեխնիկան։
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է հարուցվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ նրանք կալանավորվել են։
