Մայր Աթոռն արձագանքել է խորհրդի հայտարարություններին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրապարակել է հայտարարություն՝ արձագանքելով հունվարի 21-ին Հայ Եկեղեցու բարենորոգման խորհրդի տարածած հաղորդագրությանը, որտեղ, ըստ Աթոռի, հերթական անգամ խեղաթյուրվում են իրողություններն ու փորձ է արվում մոլորեցնել հավատավոր ժողովրդին։
Հայտարարության մեջ նշվում է, որ շարժման նախաձեռնած եպիսկոպոսներին ուղված Մայր Աթոռի հորդորներն ու հրավերները մինչ օրս անպատասխան են մնացել, իսկ եպիսկոպոսները չեն առաջարկել իրատեսական լուծումներ Եկեղեցու և իշխանությունների միջև հարաբերությունների կարգավորման համար, ընդհակառակը՝ շարունակ փորձեր են անում խնդիրները լուծել ոչ կանոնական ուղիներով։
Աթոռից հիշեցնում է, որ Եպիսկոպոսաց ժողովը կանոնական է, և եկեղեցական կյանքի վերանորոգման հարցերը պետք է քննվեն և լուծվեն բացառապես եկեղեցական մարմիններում։
Հիշեցնենք, որ Եպիսկոպոսաց ժողովը նախատեսված է անցկացվել փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում։ Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանին միացած և Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող մի խումբ եպիսկոպոսներ հայտարարել էին, որ չեն մասնակցելու արտերկրում նախատեսված Եպիսկոպոսաց ժողովին՝ այն որակելով «երկպառակություն սերմանող որոշում» և «արկածախնդրություն»։
