ՀայաստանՔաղաքականություն

Հայաստանը միացել է Խաղաղության խորհրդին՝ առանց պարտադիր անդամավճարի

Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանի փոխանցմամբ՝ Հայաստանը Խաղաղության խորհրդի կանոնադրությունը ստորագրել է առանց պարտադիր անդամավճարի մասնակցության հիմունքներով։

Նշենք, որ Խաղաղության խորհրդին անդամակցելու համար անդամները պետք է վճարեն 1 միլիարդ դոլար անդամավճար։

Բադալյանի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հրավեր ստացած պետությունները կարող են անդամակցել խորհրդին առանց հստակ սահմանված անդամավճարի՝ մինչև երեք տարի ժամկետով, որից հետո այդ կարգավիճակը ենթակա է վերանայման։

Մամուլի քարտուղարը ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդին անդամակցելուն հենց այս հիմունքներով։ Միաժամանակ նշվել է, որ շրջանառվող անդամավճարի մասին խոսքը վերաբերում է բացառապես կամավոր վճարին և կարող է կիրառվել միայն այն դեպքում, եթե որևէ երկիր կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում ցանկություն հայտնի դառնալ խորհրդի մշտական անդամ։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ստորագրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։

Մարինա Գրիգորյան